Վստահություն

Վստահություն

Այս դասի օգնությամբ սովորողը՝
կհասկանա, թե ինչ է վստահությունը
կկարողանա թվարկել ու մեկնաբանել վստահության տեսակները
կկարևորի վստահության դերը հասարակական ու տնտեսական
հարաբերություններում
կտեսնի օրինակներ, երբ վստահությունը նպաստել է պետության տնտեսության
զարգացմանը

Ողջույն:
Ինչպես պայմանավորվել էինք՝ այսօր կխոսենք վստահության մասին: Քո
կյանքում, անշուշտ, կան մարդիկ, որոնց վստահում ես, քննարկում նրանց հետ քեզ
հուզող հարցերը, պատմում քեզ հետ պատահած իրադարձությունները: Քեզ համար
ամենավստահելի մարդիկ, գուցե, ծնողներդ են, քույրդ կամ եղբայրդ կամ մոտ
ընկերդ: Նրանք երևի գիտեն քո մասին ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ: Սակայն բացի
քո ամենամոտ մարդկանցից, դու կամա-ակամա վստահում ես նաև այլ մարդկանց:
Եթե առավոտյան ավտոբուսով ես գնում դպրոց, դու վստահում ես վարորդին և
ակնկալում, որ նա քեզ ապահով տեղ կհասցնի: Երբ գնում ես վարսավիրանոց,
վստահություն ունես, որ վարսավիրը կկտրի մազերդ հենց այնքան, ինչքան ուզել ես,
և առանց քեզ նախազգուշացնելու չի սափրի դրանք: Մենք վստահում ենք
բժիշկներին, երբ դիմում ենք նրանց մեր առողջության հետ կապված խնդիրներով,
վստահում ենք վաճառողին, երբ նա պնդում է, որ մթերքը թարմ է, վստահում ենք այն
շենքի բնակիչներին, որի պատի տակով անցնում ենք՝ ակնկալելով, որ մեր գլխին
դույլով ջուր չեն լցնի, վստահությամբ ենք նստում մետրո՝ ակնկալելով, որ այնտեղ
ահաբեկիչ չի լինի: Իհարկե՝ լինում են դեպքեր, երբ մեր վստահությունը չի
արդարացվում. բժիշկը կարող է լինել ոչ բարխիղճ, վաճառողը կարող է ստել,
ավտոբուսի վարորդը կարող է վարել անսթափ վիճակում կամ գերազանցել
արագությունը՝ վնասելով մեզ, իսկ մետրոյում ռումբեր, այնուամենայնիվ, պայթում
են: Ցավոք՝ մեր վստահությունը կարող են չարդարացնել նաև մեր ամենամտերիմ
մարդիկ. այդ դեպքում մենք մեզ դավաճանված կզգանք: Բայց չնայած նրան, որ
մարդկանց հանդեպ մեր վստահությունը երբեմն կամ գուցե շատ հաճախ չի
արդարացնում իրեն, մենք չենք դադարում վստահել: Գուցե դառնում ենք ավելի
զգուշավոր, կամ, ինչպես ասացվածքն է հորդորում, վստահում ենք, բայց ստուգում
ենք, սակայն ամբողջովին չենք հրաժարվում վստահությունից, քանզի ապրել առանց
վստահության պարզապես անհնար է: Անկախ ամեն ինչից մենք շարունակելու ենք
ավտոբուս նստել, դիմելու ենք բժշկի, անցնելու ենք շենքերի պատերի տակով և եթե
դադարենք վստահել մարդկանց, կստացվի, որ ամեն պահ սպասում ենք մի որևէ վատ
բանի, ինչ-որ փորձանքի, իսկ, համաձայնիր, այդպես տագնապով ապրելն ամենևին
հաճելի չէ:
Եվ ուրեմն՝ վստահությունը չափազանց կարևոր արժեք է, որն օգնում է մեզ
ապրել հասարակության մեջ, վստահության շնորհիվ հասարակության մեջ տիրում է
փոխօգնության մթնոլորտ:
Այժմ փորձենք մանրամասնել վստահություն հասկացությունը,
առանձնացնենք վստահության տեսակները և պարզենք այս արժեքի կարևորության
ատիճանը:
Վստահությունը համոզվածություն է այլ մարդու բարեխղճության,
անկեղծության, դրական մղումների մեջ և այդ համոզվածության վրա հիմնված բաց
ու դրական փոխհարաբերություն այդ մարդու հետ: Վստահությունը ապահովում է
մարդկանց գործողությունների որոշակի կանխատեսելիություն: Եթե վերադառնանք
վերը բերված օրինակներին, հեշտորեն կհասկանանք կանխատեսելիություն ասվածը:
Այսպես՝ եթե ես վստահում եմ վարորդին, ապա նրա վարքն ինձ համար
կանխատեսելի է. ասել է թե՝ ես համոզված եմ, որ առավոտյան ութին նրա ավտոբուսը
կլինի կանգառում, և ես չեմ ուշանա դասից: Վստահությունն առաջանում է այն
ժամանակ, երբ մենք փորձով համոզվում ենք, որ տվյալ անձը արդարացնում է մեր
սպասելիքները: Այսինքն՝ վարորդը դառնում է մեզ համար կանխատեսելի ու
վստահելի, եթե նա, օրինակ, մեկ ամիս շարունակ գալիս է ճիշտ ժամը ութին: Իսկ եթե
նա մի օր կանգառում լիներ ութին, մյուս օրը՝ տասին, երրորդ օրը՝ ընդհանրապես
չգար, մենք չէինք վստահի նրան: Այստեղից կարելի է բխեցնել, որ վստահությունն
ուղղված է վստահելի մարդուն: Իսկ վստահելի համարվում այն մարդը, ով
սովորաբար պատասխանատու է, բարեխղճորեն է կատարում իր գործը, դրական
տրամադրվածություն ունի մեր հանդեպ: Մյուս կողմից՝ մարդիկ դառնում են
վստահելի, երբ մյուսները վստահում են իրենց:
Վստահությունը նշանակում է նաև երաշխիքների բացակայություն: Երբ ես 100
տոկոսով գիտեմ, թե տվյալ մարդն ինչպես է վարվելու այս կամ այն իրավիճակում, ես
կարիք չունեմ վստահելու այդ մարդուն: Վստահությունը անհրաժեշտ է, երբ ես
չունեմ բացարձակ հավաստի տեղեկատվություն, չունեմ երաշխիքներ:
Վստահությունը համոզվածություն չէ, ընդհակառակը, երբ վստահում ես, միշտ ռիսկի
ես դիմում, քանզի գիտես, որ քո վստահությունը կարող է չարդարացվել: Եվ
վստահությունը կարևոր է հենց այնքանով, որ գրեթե երբեք հնարավոր չէ 100
տոկոսով իմանալ, թե ով ինչպես կվարվի: Մենք նման համոզվածություն չունենք
նույնիսկ ինքներս մեր հանդեպ:
Կարելի է առանձնացնել վստահության մի քանի տեսակ.

  1. Մենք կարող ենք վստահել ինքներս մեզ: Վստահության այս տեսակը կոչվում է
    ինքնավստահություն: Ինքնավստահությունը որոշակի համոզվածություն է մեր
    սեփական կարողությունների, գիտելիքների, ուժերի հանդեպ: Սա շատ
    կարևոր հատկանիշ է մարդու համար, քանզի օգնում է առավելագույնս
    օգտագործել մեր կարողությունները: Իհարկե՝ ցանկալի է, որ
    ինքնավստահությունը լինի հիմնավորված:
  2. Վստահություն անձնական հարաբերություններում: Վստահության այդ
    տեսակը տարածվում է մեզ համար թանկ, կարևոր, մտերիմ մարդկանց վրա:
    Թե՛ այդպիսի մարդկանց թիվը, և թե՛ նրանց վստահելու աստիճանը կախված է
    յուրաքանչյուրիս անձնական որոշումից:
  3. Վստահություն գործնական հարաբերություններում: Մեր քննարկած
    օրինակներում վարորդի, բժշկի, վարսավիրի հետ մենք չունենք անձնական
    հարաբերություններ, մենք վստահում ենք նրանց հենց որպես վարորդ, բժիշկ
    կամ վարսավիր, այսինքն՝ մեր վստահությունն ուղղված է ոչ թե նրանց անձին,
    այլ նրանց կատարած գործին: Գործնական վստահությունն ունի նաև ավելի
    բարձր մակարդակ: Այն խիստ անհրաժեշտ է տնտեսական ոլորտում: Բայց
    դրա մասին կխոսենք մի փոքր ավելի ուշ:
  4. Կա նաև վստահություն հանրային ու մասնավոր հաստատությունների
    նկատմամբ: Օրինակ՝ մենք կարող ենք վստահել որևէ կոնկրետ հիվանդանոցի,
    կամ որևէ կոնկրետ լրատվական կայքի: Վստահությունը կարող է մղել մեզ
    օգտվել հենց տվյալ խանութի, տվյալ բջջային օպերատորի, տվյալ
    տուրիստական կազմակերպության կամ բանկի ծառայություններից:
  5. Վստահություն պետության և պետական կառույցների նկատմամբ: Սա
    վստահության թերևս ամենախոցելի տեսակն է, որը շատ ավելի մեծ
    դժվարությամբ է ձեռք բերվում: Վստահության այս տեսակի առկայությունը,
    սակայն, կարևոր է: Կարևոր է վստահել ոստիկանությանը, դատարանին,
    ուսումնական հաստատություններին, հրշեջ ծառայությանը, շատ ավելի
    կարևոր է վստահություն ունենալ պետության ղեկավար մարմինների
    նկատմամբ: ՀՀ-ում իշխանության հանդեպ վստահության մակարդակը շատ
    ցածր է, ինչը հիմնականում պայմանավորված է վստահության
    չարդարացվածությամբ:
    Իսկ դու ո՞ւմ ես ավելի շատ վստահում:
    ա/ ընտանիքիդ անդամներին,
    բ/ հարևաններիդ,
    գ/ համադասարանցիներիդ,
    դ/ ընկերներիդ,
    ե/ անծանոթներին:
    Ամերիկացի փիլիսոփա, քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույաման կարևորում է այն
    հարցը, որին քիչ առաջ պատասխանեցիր: Ավելին՝ նա ուղիղ կապ է տեսնում երկրի
    տնտեսական զարգացվածության և վստահության տարածման շառավիղի միջև: Ըստ
    նրա՝ տնտեսապես զարգանում են այն պետությունները, որտեղ մարդկանց
    վստահությունը չի սահմանափակվում իրենց ընտանիքի անդամներով ու մոտ
    ընկերներով: Ֆուկույաման հետազոտում է մի շարք երկրների փորձը և ցույց տալիս
    վստահության և տնտեսական զարգացման կապը: Օրինակ՝ Չինաստանում
    գործնական վստահության մակարդակը շատ ցածր է: Մարդիկ որպես կանոն չեն
    վստահում նրանց, ում հետ չունեն ազգակցական կապ: Սրանով պայմանավորված՝
    Չինաստանում ձեռնարկատիրության մեջ գերակշռող դեր ունի ընտանեկան բիզնեսը:
    Ի տարբերություն Չինաստանի՝ ԱՄՆ-ում և Ճապոնիայում բիզնեսը դուրս է գալիս
    ընտանիքի շրջանակներից, ինչն էլ հաճախ պայմանավորում է այդ բիզնեսի
    հաջողվածությունն ու երկարակեցությունը: Բանն այն է, որ երբ բիզնեսը
    ղեկավարվում է բացառապես ընտանիքի անդամների կողմից, մարդիկ իրենց զգում
    են ավելի ապահով, բայց ապահովվածության այդ զգացումը ոչ միշտ է նպաստում
    հաջող բիզնես ունենալուն: Որպես կանոն՝ միևնույն ընտանիքի բոլոր անդամները
    չունեն նույն հետաքրքրությունները. նրանցից ոմանք հնարավոր է բոլորովին
    չհետաքրքրվեն ձեռնարկատիրությամբ, այլ ցանկանան զբաղվել, ասենք, արվեստով,
    գիտությամբ, սպորտով և այլն: Եթե ընտանիքում բոլորը չէ, որ ուզում են զբաղվել
    բիզնեսով, սակայն զբաղվում են, որովհետև այդպես է ուզում ընտանիքի հայրը,
    ընտանեկան բիզնեսում առաջանում է պրոֆեսիոնալության պակաս: Բացի այդ՝ այս
    բիզնեսները համեմատաբար կարճ կյանք են ունենում: Չինաստանում ընտանիքի հոր
    մահից հետո նրա ունեցվածքը, այդ թվում նրա ղեկավարած բիզնեսը,
    հավասարապես բաժանվում է նրա զավակների միջև: Մի դեպքում զավակներից մեկը
    մյուսների համաձայնությամբ սկսում է գլխավորել բիզնեսը, մյուսներն էլ առաջվա
    նման ստիպված օգնում են նրան: Ավելի հաճախ բոլոր զավակները շարունակում են
    զբաղվել բիզնեսով, նրանց՝ նախկինում ընդհանուր գործում այժմ առաջանում է
    անառողջ մրցակցություն, ամեն մեկը փորձում է առաջ տանել իր գաղափարները,
    իսկ արդյուքնում ընդհանուր գործը տուժում է: Երբ արդեն գալիս է թոռների
    ժամանակ, այդ բիզնեսը սովորաբար մահանում է: Իհարկե, կան հաջողված
    ընտանեկան բիզնեսներ, երբ ընտանիքի բոլոր անդամները նվիրված են գործին,
    սակայն, ըստ Ֆուկույամայի, ավելի հաճախ գործ ունենք ձախողումների հետ: Ի
    տարբերություն Չինաստանի՝ ԱՄՆ-ում, Ճապոնիայում բիզնեսների
    սեփականատերերը չեն ղեկավարում դրանք, այլ վարձում են հատուկ
    մասնագիտացում ունեցող գործադիր տնօրեններ, կառավարիչներ և նրանց
    վստահում ողջ գործընթացը: Արդյունքում ունենում ենք պրոֆեսիոնալության բարձր
    մակարդակ, շահագրգռվածություն. նույնիսկ սեփականատիրոջ մահից հետո
    բիզնեսը չի մասնատվում, այլ շարունակում է ղեկավարվել մասնագետի կողմից,
    պարզապես եկամուտները արդեն մի քանի մասին են բաժանվում: Բիզնեսը դառնում
    է խոշոր բիզնես, իսկ Ֆուկույաման տնտեսական զարգացվածության մակարդակը
    կապում է հենց խոշոր բիզնեսի տարածվածության հետ: ԱՄՆ-ի ու Ճապոնիայի
    տնտեսական բարձր ցուցանիշների հիմքում, այսպիսով, այլ, անծանոթ մարդկանց
    հանդեպ գործնական վստահությունն է:
    Ինչ վերաբերում է Հայաստանին, մեր հասարակության մեջ էլ գերիշխում է
    վստահության պակասը: Մենք բավականին վստահող ենք առօրյա մակարդակում:
    Օրիանակ՝ գուցե նկատել ես, որ մենք՝ հայաստանցիներս, հաճախ, հատկապես՝
    ամռանը, տան դուռը չենք փակում, մեր տան բանալին անհրաժեշտության դեպքում
    տալիս ենք հարևանին, երբեմն անծանոթ մարդկանց միջոցով կարևոր իրեր ենք
    ուղարկում արտասահմանում ապրող մեր մտերիմներին, սակայն լուրջ
    նախաձեռնություններում, գործնական հարաբերություններում խուսափում ենք
    անծանոթ մարդկանց հետ համագործակցելուց, ուստի Ֆուկույամայի տեսության
    համաձայն, դեռ պատրաստ չենք խոշոր բիզնեսներով առաջ մղելու մեր երկրի
    տնտեսությունը:
    Այսպիսով՝ խոսեցինք վստահության մասին: Տարանջատեցինք վստահության
    տեսակները, տեսանք վստահելու առավելություններն ու թերությունները,
    պարզեցինք, որ վստահությունը շատ կարևոր է հասարակության մեջ ապրելու,
    ինչպես նաև տնտեսապես զարգացած պետություն ունենալու համար: Որպես
    ամփոփում նշենք, որ այսօր վստահությանը հատկացվող չափազանց մեծ դերը
    պայմանավորված է նաև նրանով, որ չնայած վստահության կարևորությանը, մարդիկ
    գնալով ավելի քիչ են վստահում, իսկ աշխարհն էլ դառնում է ավելի անվստահելի:
    Համոզված եմ, որ յուրաքանչյուրիդ, հատկապես ավելի փոքր տարիքում, տանը
    հորդորել են չխոսել անծանոթների հետ, նրանցից ոչինչ չվերցնել: Սա շատ կարևոր
    նախազգուշական քայլ է ծնողների կողմից, քանզի յուրաքանչյուրս նախևառաջ
    առաջնորդվում ենք մեր և մեր երեխաներին պաշտպանելու բնազդով: Ամեն
    պարագայում, թե վստահելիս, և թե զգուշանալիս չարժե ընկնել
    ծայրահեղությունների մեջ՝ միշտ հիշելով որ մենք, ուզենք, թե ոչ, առնչվում ենք այլ
    մարդկանց հետ, և չնայած, որ ոչ բոլոր մարդիկ ունեն մեզ հետ կապված դրական ու
    բարի շարժառիթներ, մենք չենք կարող ոչ մեկին չվստահել:
    Հուսամ, որ այսօր վստահեցիր այն ամենին, ինչ կարդացիր այստեղ:
    Առայժմ:

Published by

arshakavetisyan

Ես Արշակ Ավետիսյանն, եմ ավարտել եմ Ստեփան Շահումյանի անվ. թիվ 1 միջնակարգ դպրոցը։ Հիմա սովորում եմ կրթահամալիր քոլեջի 1.3 կուրսոմ։ Ես աշխատում եմ ում որպես խոհարար փոքր տարիքում հաճախել եմ շախմատի պարապմունքների հետո մոտ 4 տարի նկարչությամբ հիմա ոչ մի տեղ չեմ հաճախում որովհետև չունեմ ազատ ժամանակ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *