Ավետիք Իսահակյան

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Մանկությունն անցել է Ղազարապատ (այժմ՝ Իսահակյան) գյուղում: Նախնական կրթությունն ստացել է Ալեքսանդրապոլում և Հառիճի վանքի դպրոցում: 1889-92թթ սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, աշակերտել բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանին: 1892թ. «Տարազ» ամսագրում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը՝ «Ծաղիկ էի նորաբողբոջ» վերնագրով: 1893թ. մեկնել է Եվրոպա: Աշխատել է Վիեննայի մարդաբանական թանգարանում և, միաժամանակ, ունկնդրել գիտական դասընթացները, ապա եղել Լայպցիգի համալսարանի ազատ ունկնդիր: 1895թ. վերադարձել է հայրենիք: Հայ ազգային-ազատագրական պայքարին մասնակցելու համար, 1896թ. ձերբակալվել է և մեկ տարի անցկացրել Երևանի բանտում: 1898թ. աքսորվել է Օդեսա: 1900թ. կրկին մեկնել է Եվրոպա և ապրել Ժնևում ու Ցյուրիխում, ուր ունկնդրել է գրականություն և փիլիսոփայության պատմություն: 1901թ. վերադարձել է հայրենիք: 1908թ. կրկին ձերբակալվել է՝ «Դաշնակցության գործով» և, որպես ՀՅԴ բյուրոյի անդամ, մեկ տարի անցկացրվել Թիֆլիսի Մետեխի բանտում: Խուսափելով իր դեմ պատրաստվող դատավարությունից՝ 1911թ. մեկնել է Կոստանդնուպոլիս: 1912-26թթ ապրել է Ֆրանսիայում, Գերմանիայում, եղել Իտալիայում ու Հունաստանում: 1926թ. ընտանիքը տեղափոխել է Փարիզ, իսկ ինքը վերադարձել է Հայաստան, որտեղ ապրել է մինչև 1930թ.: 1930-36թթ ապրել է Փարիզում, իսկ 1936թ. վերադարձել է հայրենիք: 1944-57թթ եղել է Հայաստանի գրողների միության անփոփոխ նախագահը, արժանացել Լենինի երկու շքանշանի, ընտրվել ՀԽՍՀ 2-4-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: 1897թ. լույս է տեսել նրա առաջին գիրքը՝ «Երգեր ու վերքեր» խորագրով: Սիրո, կարոտի մոտիվները նրա քնարերգության մեջ հնչել են նոր որակով: Սերն իր բազմազան արտահայտություններով գրողի ինչպես առաջին, այնպես էլ հետագա շրջանի բանաստեղծությունների հիմնական թեմաներից մեկն էր: Վաղ շրջանում գրված «Դարդս լացեք, սարի սմբուլ», «Ամեն գիշեր իմ պարտեզում», «Էս ճամփեն ոլոր-մոլոր» և Շուշան յարին նվիրված սիրերգերի շարքին հետագայում ավելացել են «Զարոյի երգը», «Հոգի կուտամ, հոգի տուր ինձ» և այլ բանաստեղծություններ: Սիրերգերում հաճախ օգտագործել է հայ միջնադարյան տաղերգուների արտահայտչաձևերը: Նրա սիրային որոշ երգեր հնչում են սոցիալական երանգով: Դրանցում որոշակի է լսվում բանաստեղծի բողոքի ձայնը «զուլում աշխարհի» դեմ: Սիրո թեմատիկան ամբողջացնում են մայրական սիրո բանաստեղծությունները («Մայրիկիս», «Դարդը սրտիս, աղքատ ու խեղճ», «Կտեսնեմ ահա լուռ երեկոյին» և այլն):

Published by

arshakavetisyan

Ես Արշակ Ավետիսյանն, եմ ավարտել եմ Ստեփան Շահումյանի անվ. թիվ 1 միջնակարգ դպրոցը։ Հիմա սովորում եմ կրթահամալիր քոլեջի 1.3 կուրսոմ։ Ես աշխատում եմ ում որպես խոհարար փոքր տարիքում հաճախել եմ շախմատի պարապմունքների հետո մոտ 4 տարի նկարչությամբ հիմա ոչ մի տեղ չեմ հաճախում որովհետև չունեմ ազատ ժամանակ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *